Յայտարարութիւն

Monday, January 30, 2012

20 ՔԱՅԼ, ՈՐՈՆՑՄՈՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՐՆԱՅ ԱՒԵԼԻՈՎ ՎԱՏԹԱՐԱՑՆԵԼ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՖՐԱՆՍԱՅԻ ՀԵՏ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԵՐՔՄԱՆ ՄԱՍԻՆ ՔՈՒԷԱՐԿՈՒԹԵՆԷՆ ԵՏՔ

Թուրքիոյ ղեկավարները ամիսներ շարունակ կը սպառնային Ֆրանսայի հետ հաշուեյարդար տեսնել, եթէ Ֆրանսայի կառավարութիւնը ընդունի Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծը:
Արհամարհելով Թուրքիոյ սպառնալիքները` Ֆրանսայի խորհրդարանը 2011 թուականի դեկտեմբեր 22-ին ընդունեց Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծը: Ծերակոյտը շարունակեց այդ գործընթացը 2012 թուականի յունուար 23-ին, եւ 7 ժամ տեւած քննարկման իբրեւ արդիւնք` ընդունեց օրինագիծը 127 կողմ եւ 86 դէմ ձայներու յարաբերակցութեամբ: Նոր օրէնքը, զոր շուտով պէտք է ստորագրէ նախագահ Սարքոզի, կը նախատեսէ մէկ տարուան բանտարկութիւն եւ 60,000 տոլարի համազօր տուգանք Հայոց ցեղասպանութիւնը ժխտողներուն համար: Ֆրանսայի բոլոր ծերակուտականները, նոյնիսկ անոնք, որոնք դէմ էին օրինագիծին, նշեցին, թէ ոչ մէկ կասկած ունէին Հայոց ցեղասպանութեան առնչութեամբ:
Հասած է ճշմարտութեան ժամը: Հետաքրքրական է, թէ արդեօք Թուրքիոյ ղեկավարները պիտի ունենա՞ն խիզախութիւնը իրենց ամպագորգոռ յայտարարութիւնները իրականացնելու: Կը փափաքինք անոնց երկու հարց ուղղել.
1) Դուք միայն խօսողնե՞ր էք եւ ո՞չ` գործողներ, կամ, ինչպէս կ՛ըսուի` հաջան շունը կծան չ՛ըլլար:
2) Արդեօք կարճաժամկէտ միջոցներու կը ձեռնարկէք պարզապէս ձեր դէ՞մքը փրկելու համար, թէ՞ աւելի վճռական քայլերու պիտի դիմէք:
Ի տարբերութիւն մէկ ամիս առաջուան, Թուրքիոյ հասարակութիւնը այլեւս պիտի չբաւարարուի դեսպանին յետկանչովը, ապա` ընդամէնը երկու շաբաթ ետք դարձեալ ուղարկուելու համար: Թուրքերը նաեւ կրնան շատ տպաւորուած չըլլալ վարչապետ Էրտողանի այն յայտարարութեամբ, թէ ալ բնաւ պիտի չայցելէ Փարիզ:
Մինչ թուրք պաշտօնատարները կը սթափին Ֆրանսայի քուէարկութեան հարուածէն, կը փափաքինք քանի մը նշումներ ընել այն մասին, թէ ինչպէ՛ս թուրքերը կրնան առաւել վատթարացնել արդէն իսկ վատ իրավիճակը: Կատաղութենէն Թուրքիոյ կառավարութիւնը կրնայ ձեռնարկել հակադարձ քայլերու, ոչ միայն Ֆրանսայի, այլեւ բոլոր այն երկիրներուն դէմ, որոնք ճանչցած են Հայոց ցեղասպանութիւնը: Նման ծայրայեղ, անտրամաբանական եւ ինքնավնաս գործունէութիւններ կրնան միայն նպաստել Թուրքիոյ մեկուսացման եւ վնասել անոր սեփական շահերու: Ստորեւ` կարգ մը առաջարկներ, թէ ինչպէ՛ս Թուրքիան կրնայ հաշիւները մաքրել Ֆրանսայի եւ հնարաւոր այլ հակառակորդներու հետ.
1) Ետ կանչել Ֆրանսայի մէջ Թուրքիոյ դեսպանը եւ զայն դարձեալ չուղարկել, մինչեւ որ Ֆրանսա չեղեալ յայտարարէ Հայոց ցեղասպանութեան ճանաչումը ու նոր ընդունուած օրինագիծը:
2) Վտարել Ֆրանսայի դեսպանը Թուրքիայէն եւ փակել ֆրանսական դեսպանատունը:
3) Խզել տնտեսական, ռազմական, մշակութային եւ քաղաքական բոլոր յարաբերութիւնները Ֆրանսայի հետ:
4) Հաւաքել ֆրանսական բոլոր արտադրութիւնները, ինչպիսիքն են տուրմերն ու գինիները, Թուրքիոյ բոլոր խանութներէն եւ զանոնք նետել աղբը, ինչպէս նաեւ` արգիլել «Ֆրենչ Ֆրայզ»-ը եւ «Ֆրանսական համբոյր»-ը…
5) Չեղեալ յայտարարել թրքական թռիչքներուն չուերթը դէպի ֆրանսական քաղաքներ եւ չարտօնել «Էր Ֆրանս»-ի օդանաւերուն մուտքը Թուրքիա: Կիրարկել նմանատիպ սահմանափակումներ նաեւ ֆրանսական նաւերուն նկատմամբ:
6) Արգիլել թրքական դպրոցներու մէջ ֆրանսերէն լեզուի դասաւանդումը եւ փակել Թուրքիոյ մէջ գործող ֆրանսական անձնական դպրոցները:
7) Արգիլել ֆրանսական ելեկտրոնային բոլոր կայքերու օգտագործումը:
Դադրեցնել Եւրոպական Միութեան (ԵՄ) անդամակցելու միտող Թուրքիոյ ջանքերը, որովհետեւ ԵՄ-ի անդամ 26 պետութիւնները կրնան ընդունիլ նոյնանման օրինագիծեր` Ցեղասպանութիւնը հերքելու մասին:
9) Դուրս գալ Եւրոխորհուրդի կազմէն, քանի որ Եւրոպական խորհրդարանը 1987-ին ճանչցաւ Հայոց ցեղասպանութիւնը:
10) Դուրս գալ Միացեալ ազգերու կազմակերպութենէն (ՄԱԿ), որովհետեւ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքներու յանձնաժողովը 1985-ին ընդունեց Հայոց ցեղասպանութիւնը ճանչնալու մասին զեկոյց մը:
11) Արգիլել Թուրքիոյ պաշտօնատարներուն Ֆրանսա այցելել:
12) Թուրքիայէն վտարել Ֆրանսայի բոլոր քաղաքացիները եւ պահանջել, որ թուրքերը անմիջապէս հեռանան Ֆրանսայի տարածքէն:
13) Չարտօնել ֆրանսացի զբօսաշրջիկներու եւ գործարարներու մուտքը Թուրքիա:
14) Փակել Թուրքիոյ մէջ ֆրանսական ինքնաշարժներու գործարանները, ինչի պատճառով հազարաւոր թուրք աշխատողներ գործազուրկ պիտի ըլլան:
15) Թուրքիոյ մէջ բոլոր ֆրանսական փողոցները վերանուանել ալճերիական եւ հիւսիս-քորէական անուններով:
16) Թուրքիոյ խորհրդարանին կողմէ որոշում ընդունիլ` Ալճերիոյ «ցեղասպանութեան» համար Ֆրանսան մեղադրելու մասին:
17) Վտարել Թուրքիա աշխատող անօրէն բոլոր հայաստանցիները: Զրկել զանոնք սնունդէ եւ ջուրէ` Պոլիսէն դէպի Հայաստան, կամ, աւելի վատը, դէպի սուրիական անապատներ անոնց տեղահանութեան ընթացքին:
18) Ֆրանսական դրամատուներէն վերցնել Թուրքիոյ սեփական եւ պետական բոլոր ֆինանսական միջոցները:
19) Սեւ ցանկի վրայ դնել Թուրքիոյ մէջ ֆրանսական բոլոր գիրքերը, ժապաւէնները, թերթերը եւ պատկերասփիւռային ծրագիրները:
20) Ձերբակալել Ֆրանսայի քաղաքացիներ Թուրքիոյ մէջ` ի պատասխան Հայոց ցեղասպանութեան հերքման համար Ֆրանսայի մէջ ձերբակալուած թուրքերուն:
Ֆրանսայի Ծերակոյտին որոշումը մէկ մասն է այն բարձր գինին, զոր Թուրքիոյ կառավարութիւնը կը վճարէ` անցած 100 տարիներուն ընթացքին Հայոց ցեղասպանութեան մնայուն ուրացման եւ օսմանեան նախնիներուն կողմէ իրականացուած դաժան յանցագործութիւններուն համար:
Քանի տակաւին Թուրքիան չէ ճանչցած իր մեղքը եւ չէ վերադարձուցած հայկական հողերն ու կալուածները Ցեղասպանութեան զոհերու ժառանգորդներուն, պիտի շարունակէ դիմագրաւել այլ երկիրներու լուրջ մարտահրաւէրները եւ պիտի զրկուի քաղաքակիրթ ազգերու ընտանիքին մէջ դասուելէ:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈԻՆԵԱՆ
«Քալիֆորնիա Քուրիըր» թերթի
հրատարակիչ եւ խմբագիր
Թարգմանեց`
ԿԱՐԻՆԷ ԳԷՈՐԳԵԱՆ



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

ԱՌԱԿՆԵՐ - Սողոմոն Իմաստուն - 24

Կեանքի թոհուբոհին մէջ ՝ վարի խրատները լսելն ու գործադրելը առաքինութենէ աւելի պէտքի մը գոհացում տալ կը նշանակէ: Ձեզի , ձեր ընտանիքներուն համար են սիրելի ընթերցող: Այսպէս, ամիս մը շարունակ , ամէն օր մէկ խրատ պիտի հրապարակենք : «Իմաստութիւնը լիառատ գանձ է » ըսած էինք Դեկտեմբերին հրապարակուած մեր մէկ յօդուածին մէջ: Այդ գանձին մասին է որ խօսած է Սողոմոն Իմաստուն թագաւոր հազարաւոր տարիներ առաջ:Իր վարի խրատ-առակներուն մէջ խօսած է ագահութեան , կաշառակերութեան, պոռնկութեան ու շնութեան , անարդարութեան ու գողութեան չարիքներուն մասին : Կարդացէք: Բոլորս խրատի պէտք ունինք սիրելիներ: Թող իմաստութիւնը մեզ համակէ , թող իմաստութիւնը մեզ միացնէ:
«Նշանակ»
»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»

24 Որդեա՛կ իմ, մի՛ նախանձիր չար մարդկանց եւ մի՛ ցանկացիր ապրել նրանց հետ, 2որովհետեւ նրանց սիրտը խաբէութիւն է խորհում, եւ նրանց շուրթերը խօսում են ցաւեր պատճառելու մասին։ 3Տունը շինւում է իմաստութեամբ, հաստատւում է խելացիութեամբ, 4եւ շտեմարաններն ամէն տեսակ հարստութեամբ ու բարիքներով լցւում են գիտութեամբ։ 5Իմաստունը լաւ է հզօր մարդուց, եւ խոհեմ մարդը՝ մեծամեծ դաստակերտներ ունեցողից։ 6Պատերազմը մղւում է ռազմավարութեամբ, եւ յաջողութիւնը կախուած է սրտի խորհուրդներից։ 7Իմաստութիւնն ու բարի խորհուրդները գտնւում են իմաստունների դռներին։ 8Իմաստունները չեն խոտորւում Տիրոջ խօսքից, այլ խորհուրդ են անում իրենց հաւաքոյթներում։ 9Մահը պատահում է խրատ չլսողներին, իսկ անզգամը մեռնում է մեղքերի մէջ։ 10Պղծութիւնը խայտառակում է ժանտագործին՝ նրա չար եւ նեղ օրերին, քանի նա դեռ չի մեռել։ 11Փրկի՛ր նրանց, ում մահուան են տանում,եւ ոչինչ մի՛ խնայիր մահապարտներին փրկագնելու համար։ 12Բայց եթէ ասես, թէ՝ «Ես նրան չեմ ճանաչում, ոչ էլ նա՝ ինձ», - ապա իմացի՛ր, որ Տէրը ճանաչում է բոլորի սրտերը. եւ Նա, որ ստեղծեց բոլորի շունչը, ճանաչում է բոլորին եւ իւրաքանչիւրին հատուցելու է ըստ նրա գործերի։ 13Մե՛ղր կեր, որդեա՛կ, որովհետեւ հաճելի է, եւ խորիսխ, որպէսզի կոկորդդ քաղցրանայ։ 14Այդպէս էլ իմաստութեան գիտութիւնը քաղցր պիտի լինի քո հոգու համար, որովհետեւ եթէ գտնես այն, քո վախճանը լինելու է բարի, եւ չի կտրուելու քո յոյսը։ 15Ամբարշտին մի՛ մօտեցրու արդարների արօտին,եւ մի՛ խաբուիր, որ նրա որովայնը լիքն է։ 16Բայց եթէ արդարը եօթն անգամ էլ ընկնի, պիտի կանգնի, մինչդեռ ամբարիշտները պիտի տկարանան չարիքների մէջ։ 17Եթէ թշնամիդ ցած գլորուի, մի՛ տրորիր նրան, եւ եթէ սայթաքի, ամբարտաւանութեամբ մի՛ վարուիր նրա հետ, 18քանզի Տէրը կը տեսնի, եւ դա հաճոյ չի լինի նրան, եւ իր բարկութիւնը կը հեռացնի նրանից։ 19Մի՛ ուրախացիր չարագործների հետ եւ մի՛ նախանձիր մեղաւորներին, 20որովհետեւ չարերը ժառանգորդ չեն ունենայ, եւ ամբարիշտների ճրագը պիտի հանգչի։ 21Որդեա՛կ, վախեցի՛ր Աստծուց ու թագաւորից,եւ նրանցից ոչ մէկի դէմ մի՛ ապստամբիր, 22որովհետեւ ամբարիշտների կործանումը յանկարծահաս է լինելու, եւ ո՞վ է ճանաչելու թէ՛ մէկի, թէ՛ միւսի պատուհասը։ 23Ձեզ՝ իմաստուններիդ, այս էլ ասեմ. «Մի՛ ամաչէք խելամուտ լինել իրաւունքի մէջ», քանզի լաւ չէ աչառու լինել դատաստանի ժամանակ։ 24Ամբարշտին արդար ասողը պիտի արժանանայ ժողովուրդների անէծքին եւ ատելի պիտի լինի ազգերից։ 25Իսկ նրանք, որ կը յանդիմանեն ամբարիշտներին, պիտի բարի համարուեն, եւ բարի օրհնութիւն պիտի գայ նրանց վրայ։ 26Շուրթերը սիրում են բարի խօսքերի պատասխաններ, իսկ ով պատասխան է տալիս դիմադարձ խօսքերով, նա իր վրայ հրաւիրում է հեռացման խօսքեր։ 27Հո՛գ տար դրսի գործերիդ համար, վերջացրո՛ւ դաստակերտիդ աշխատանքը, ապա ե՛կ իմ յետեւից եւ նորի՛ց շինիր քո տունը։ 28Սուտ վկայ մի՛ լինիր քո ընկերոջ հանդէպ, եւ քո շուրթերով մի՛ խաբիր նրան։ 29Մի՛ ասա, թէ՝ «Ինչպէս նա վարուեց ինձ հետ, այնպէս էլ ես եմ վարուելու նրա հետ», եւ թէ՝ «Այնպէս պիտի հատուցեմ նրան, ինչպէս ինքն ինձ զրկեց»։ 30Անզգամ մարդը նման է արտի, թերամիտը՝ այգու. 31եթէ անխնամ թողնես, խոպան կը դառնայ արտը, ամենուր մոլախոտ կը բուսնի, այն կը մնայ լքուած, գետին կը թափուեն նրա ցանկապատի քարերը, 32բայց նա յետոյ միայն կ՚ասի. «Ես զղջացի, տեսայ եւ ընտրեցի բարի խրատը»։ Մինչեւ ե՞րբ պիտի պառկես, ո՛վ ծոյլ, ե՞րբ պիտի զարթնես քնից։ 33Մի քիչ էլ որ ննջես, մի քիչ էլ նիրհես, մի քիչ էլ հանգստանաս, մի քիչ էլ ձեռքերդ դնես կրծքիդ, 34եթէ այդպէս անես, ապա քեզ վրայ պիտի հասնի աղքատութիւնը ինչպէս ուղեւոր, եւ կարիքը՝ արագընթաց սուրհանդակի նման։ 35Խօսքից զգուշացող որդին կորստեան չի մատնուի,քանի որ նա խնամքով է ընդունում այն։ 36Թագաւորի լեզուից թող ոչ մի սուտ բան դուրս չգայ.թող նրա լեզուից խաբէութիւն էլ դուրս չգայ։ 37Սուր սուսեր է թագաւորի լեզուն եւ ոչ մարմնեղէն մի բան.ով որ մօտենայ դրան, կը խորտակուի։ 38Եթէ նրա բարկութիւնը բորբոքուի,մարդկանց կը կործանի իրենց յօդերով հանդերձ,մարդկանց ոսկորները կը փշրի եւ դրանք կ՚այրին ինչպէս բոց։Մարդկանց մարմինը կը նմանուի արծիւների բոյներում եղած լէշի։ 39Որդեա՛կ, վախեցի՛ր իմ խօսքերից, եւ եթէ դրանք ընդունես, զգոյշ կը լինես։


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

Թերթօն 18 - Մեր Հոգսերի Ձմեռը...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Աննկատ օր-օրին փոշիանում էր Մեսրոպի ու Սահակի խնամած հայկական ոգու հազարամյա դաշտը, որը մեր հոժար թողտվությամբ սեփականաշնորհել էին մորմոններն ու հավատափոխ աղանդները:
Ջնջում ու փոշիացնում էին ՆժԴԵՀԻ կերտած ամրոցը: Ոչ-ոք հեշտ ու սիրահոժար չէր գերվում, ոչ-ոք:
Չկար հայրենիքի մութն ու լույսը ժողովրդի հետ կիսած երջանկահիշատակ ՏՏ Վազգեն առաջինը, նա տասնամյակներ շարունակ ապրել էր երկրում, գիտեր իր ժողովրդի բոլոր առավելություններն ու թերությունները: Նա էլ ինքնակամ մեկուսացվեց, ու անգամ անիծեց իր բախտը, ոչ մի խելացի հոգեւորական չհասկացավ , որ Վազգենի ու ժողովրդի բախտը միահյուսված էին Աստծո կամքով:
Այն շրջանցող բոլոր նոր եկող հոգեւոր տերերը , բնականաբար, պիտի ապրէին Վազգենյան իմաստության հովանու ներքո: Նորերը գալիս էին արխայիկ չունենալով նախորդի ազնվությունը՝ ճիշտ խոսելու: Նրանք կրում էին արժանի պատիժը: Շատախոսը դառնում էր համր ,հպարտը` քծնող, ագահը` գող, ՆԱՐԵԿՅԱՆ հզոր մատյանը կարգավորում, մաքրում էր հայոց աշխարհի ոգեղեն դաշտի ճանապարհը՝ գալիք նախնիներին արժանավոր հետնորդին օգնելու մտադրությամբ:
Նորերը տեղավորվում էին տանը, տանեցիները՝ շփոթված ու գլխիկոր հեռանում էին , համառները գնում էին ռազմաճակատ կռվելու բացահայտ ու երեւացող թշնամուն դեմ:
Անկանոն ու չկարգաբերվող բոլոր տեղաշարժերը խեղդում էին, օրահացի խնդիրը չէր թողնում ամբոխից վեր բարձրանալ, ո'ւ ամբոխի մեջ, նրան միաձույլված, քեզ թվում էր ամեն ինչ կկորչի:
Իրականում տեղի էր ունենուն հերթական ալեբախությունը: Ծովի պես խռով ժողովուրդը ալեկոծված` ափից-ափ էր շպրտվում:
Նա, ինչպես ծովը, թեկուզ որոշ «ջրապաշար» իրենից կորցնելով, ափերից դուրս շպրտելով այն կտար դրսի ավազներին, ինչպես օտար , իր մեջ սուզված մարմիններին, իսկ ափից դարձող հզոր թափի շնորհիվ պոկված ու խանդակները լցված ջրերին սպասվում էր բարդ ու երկար տառապալից ուղի: Ծով ետ դառնալու համար նրանք պիտի մաքրվեին, վերածված անձրեւի նոր տեսքով հասնեին երազած ծովին:
Ժամանակի խնդիր էր , ժամանակ էր հարկավոր , ժամանակ` կեղտի ու խոլականության այս եռքը հանդարտացնելու , ջրերին ու ջրերի պես դյուրահոս մարդկային մտքերը պարզելու համար:
Դժվար թե օտարը հասկանար երեկվա կուշտ ու ապահով տեղացուն, նրան մուրացիկի ճամփան պարտադրող իշխանություններին:
Հայը միշտ էլ արհամարող է, իշխանությունների բիրտ ուժը թիկունքին` սիբիրներով, անվերջ խաչված, բայց համառորեն ստրկամտությունից խուսափող զանգվածները ալիքվում էին ու ալեբախվում: Ուժի ու դրամի դեմ մարտնչում էին , երբեմն՝ խորթ ու անընդունելի ձեւերով: Հավատալով ,որ հաղթողին չեն դատապարտի, որ պատերազմը մնում է պատերազմ ու իրենք շրջապատված քառակի`օտար արժույթաբանկերից, թշնամի հարեւաններից, սոցիալիզմի փլատակների թիկունքում դիրքավորված,
ավար թալանով հարստացած անհատներից, ե'ւ առավելը՝ օրվա համազգեստավոր օրենքի ու կարգի պահապան համարվող ի~ր ոստիկանը դարձած, ի'ր ի~սկ զավակներից: Ոչինչ չունենալով՝ պայքարել գոյատևելու համար, այդքան ուժե'ղ ուժերի դեմ, պատիվ էր բերում տեղացուն, ո'ւ եթե նա զզված հեռանում էր , ոչ ոք բարոյական իրավունք չուներ նրա կշտամբելու, քանզի հոգնած զինվորին փոխարինում են, ո'չ թե նախորդների նման մեղադրում, չարած հանցանքի՝ դասալքության համար դատապարտում, մանավանդ այդ պայքարից հազարավոր մղոններով քեզնից հեռու ապրող՝ նույն լեզվով արտահայտվող հայրենակիցներդ, ամենինչ պատրաստ են նվիրաբերելու, միայն թե' չգան ու չկանգնեն վեցգլխանի վիշապի դեմ:
Հայրենիքը բոլորին է, եւ սիրտն է հուշում քեզ, քո սիրո չափը, այն բառերով, գեղեցիկ խոսքերով չես կարող վեր ապատմել , եթե սերը կա , կլինի նաեւ լուռ ու չընդհատվող նվիրումը:
Բոլոր բառերն ու բառամթերքից, թեկուզ լավագույն ընտրվածները, ավելորդ, իմաստազուրկ են: Ինչպես մայրը` զավակներին,նույնը` աստվածային միջնորդությամբ` երկրի որդիներին, նրանց՝մայրերին:
Մնացածը`ավելորդ ու հիվանդ շեղումներ են, իսկ «հիվանդի» առողջանալուն երբեմն զորու չեն անգամ հզոր բազմափորձ բժիշկները: Աստծո կամքին ապավինելով, տքնաջան աշխատանքով կարելի է վերագտնել կուրուստնեի փոխհատուցումը:
Մնացածը` ավելորդ է, ժամանակավրեպ: Ոչ ոք, առավել եւս նորաթուխ բանկիրներն ու միլոնատերերը իրավունք չունեն ժողովրդին հիշեցնելու, որ աշխարհի համար բնորոշ անտունն ու թափառաշրջիկը օրինաչափ է նաեւ մեր հայրենիքում ապրող հայրենակիցի համար: Նախ այդ հարուստներից շատերը այս նոր ունեցածը կուտակեցին ընդհամենը մի քանի տարվա ընթացքում, հիմնականում օգտվելով ունեցած իշխանական լծակներից, թալանեցին, անպաշտպան հարազատ ժողովրդից, իրավազրկված իր թաղե-ցիներից ու համաքաղաքացիներից, միկիտան սաքոների խարդախ խաղերով, արհամարելով, շրջանցելով պետական կառույցները, չվճարելով համընդհանուր տուրքերը:

Շար . 18


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

Sunday, January 29, 2012

ԱՌԱԿՆԵՐ - Սողոմոն Իմաստուն - 23

Կեանքի թոհուբոհին մէջ ՝ վարի խրատները լսելն ու գործադրելը առաքինութենէ աւելի պէտքի մը գոհացում տալ կը նշանակէ: Ձեզի , ձեր ընտանիքներուն համար են սիրելի ընթերցող: Այսպէս, ամիս մը շարունակ , ամէն օր մէկ խրատ պիտի հրապարակենք : «Իմաստութիւնը լիառատ գանձ է » ըսած էինք Դեկտեմբերին հրապարակուած մեր մէկ յօդուածին մէջ: Այդ գանձին մասին է որ խօսած է Սողոմոն Իմաստուն թագաւոր հազարաւոր տարիներ առաջ:Իր վարի խրատ-առակներուն մէջ խօսած է ագահութեան , կաշառակերութեան, պոռնկութեան ու շնութեան , անարդարութեան ու գողութեան չարիքներուն մասին : Կարդացէք: Բոլորս խրատի պէտք ունինք սիրելիներ: Թող իմաստութիւնը մեզ համակէ , թող իմաստութիւնը մեզ միացնէ:
«Նշանակ»
»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»

23 Երբ հզօրների հետ սեղան նստես՝ ընթրիքի, ուտելուց առաջ լա՛ւ իմացիր, թէ ինչ են դրել քո առաջ, եւ նոր միայն ձեռքդ մեկնի՛ր։ 2Իմացի՛ր նաեւ, որ դու եւս պարտաւոր ես նոյնը պատրաստել։ 3Եւ եթէ ագահ էլ լինես, մի՛ ցանկացիր նրա խորտիկները, քանի որ դրանք էլ կ՚անցնեն կը գնան սուտ կեանքի հետ։ 4Եթէ ունեւոր չես, մի՛ ձգտիր հասնել հարստին, այլ քո իմաստութեամբ հեռացի՛ր նրանից։ 5Հէնց որ աչքդ տնկես մի բանի վրայ,այն իսկոյն կը չքանայ. հարստութիւնն արծուի թեւեր է շինում իր համար եւ վերադառնում է իր նախնիների տունը։ 6Չարաչք մարդու հետ հաց մի՛ կեր եւ մի՛ ցանկացիր նրա կերակուրը, 7քանզի նա ուտում եւ խմում է այնպէս, ինչպէս մէկը մազ կուլ տար։ 8Նրան մի՛ ընդունիր քո տունը եւ քո հացը մի՛ կեր նրա հետ, քանի որ նա նողկանք կը պատճառի քեզեւ կ՚ապականի քո բարի խօսքերը. 9Ամենեւին բան մի՛ ասա անզգամի ականջին, որ նա չանարգի քո իմաստուն խօսքերը։ 10Մի՛ փոփոխիր վաղեմի սահմանների նշանները. եւ ձեռք մի՛ տուր որբերի ունեցուածքին, 11որովհետեւ հզօր է նրանց պաշտպանը՝ Տէրը, եւ նրանց դատը նա կը պաշտպանի քո դէմ։ 12Սիրտդ տո՛ւր խրատին, եւ ականջներդ պատրաստ պահի՛ր իմաստութեան խօսքերը լսելու համար։ 13Քո խրատը մի՛ խնայիր երեխային,որովհետեւ եթէ գաւազանով էլ խփես նրան՝ չի մեռնի, 14դու նրան կը հարուածես գաւազանով, բայց նրա հոգին կը փրկես մահից։ 15Որդեա՛կ, եթէ քո սիրտն իմաստուն լինի, ապա կ՚ուրախացնես եւ իմ սիրտը։ 16Իմ շուրթերը պիտի ձուլուեն քո շուրթերին,միայն թէ դու ուղիղ խօսես։ 17Թող քո սիրտը չնախանձի մեղաւորներին, այլ միշտ Տիրոջ երկիւղը պահի՛ր սրտիդ մէջ։ 18Եւ եթէ պահես, դու զաւակ կ՚ունենաս, եւ քո յոյսը չի կտրուի։ 19Լսի՛ր, որդեա՛կ, իմաստո՛ւն եղիր եւ ուղղի՛ր քո սրտի խորհուրդները։ 20Մի՛ լինիր հարբեցող եւ մի՛ նախանձիր իրենց մարմինը մսով պարարտացնողներին, 21որովհետեւ գինեմոլն ու բոզարածը պիտի աղքատանան, եւ քնի մէջ թմրած ամէն մարդ պիտի քրջոտ հանդերձ հագնի։ 22Լսի՛ր, որդեա՛կ, քեզ ծնող հօրը եւ մի՛ արհամարհիր քո մօր ծերութիւնը։ 23Ճշմարտութի՛ւն ձեռք բեր եւ չթողնես իմաստութիւնը, խրատը եւ խոհեմութիւնը։ 24Արդար հայրը բարութեամբ է կրթում զաւակին, եւ նրա սիրտը պիտի ուրախ լինի իմաստուն որդու համար։ 25Թող քո հայրն ու մայրն ուրախ լինեն քեզ համար, եւ թող ուրախանայ նա, ով ծնել է քեզ։ 26Տո՛ւր ինձ, որդեա՛կ, քո սիրտը, եւ թող աչքերդ սպասեն ինձ՝ իմ ճանապարհին։ 27Օտար տունը ծակ կարաս է, օտար բանը՝ նեղ ջրհոր։ 28Եւ ով այնտեղ է շտապում, շուտով պիտի կործանուի, եւ ամէն մի անօրէն պիտի ջնջուի իսպառ։ 29Ո՞ւմ համար է վայը, ո՞ւմ համար է խռովութիւնը, ո՞ւմ համար են դատաստանները, ո՞ւմ համար են դաժանութիւններն ու տարակուսանքները, ո՞ւմն են աջ ու ձախ տրուած հարուածները,եւ ո՞ւմն են հարուածից կապտած աչքերը, 30- ո՞չ արդեօք նրանցը, ովքեր տարւում են գինով, ովքեր նայում են, թէ որտեղ գինարբուք կայ։ 31Մի՛ հարբէք գինով, այլ զրուցեցէ՛ք արդար մարդկանց հետ, եւ խօսեցէ՛ք միմեանց հետ հրապարակներում։ Իսկ եթէ աչքդ գցես թաս ու բաժակի, յետոյ պիտի սանդի կոթի պէս տկլոր ման գաս, 32վերջն էլ օձից խայթուածի պէս պիտի ցած ընկնես, եւ գինին, ինչպէս իժի թոյն, պիտի տարածուի քո մէջ։ 33Եւ երբ աչքերդ օտար կին տեսնեն, բերանդ խառն ու շփոթ պիտի խօսի, 34եւ պիտի ծփաս՝ ասես ծովի մէջ, ինչպէս նաւավարը՝ սաստիկ մրրիկի մէջ։ 35Եւ պիտի ասես. «Ինձ ծեծում էին, բայց ես ցաւ չէի զգում, ինձ ծաղրում էին, բայց ես չէի գիտակցում, ե՞րբ է բացուելու առաւօտը, որ վեր կենամ գտնեմ, թէ ո՞ւմ հետ պիտի էլի շրջեմ»։

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

Թերթօն 17 - Մեր Հոգսերի Ձմեռը...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Բոշան ժլատ էր, ո'ւ միամիտ, իսկ բոշայի գործընթացը կիրարկող երկրի ղեկավարները պարզապես ժլատ ու մարդատյաց էին, առանց վարանումի կարելի էր ընդհանրացնել` ոչ մի տեսակի ժողովրդի չէին հանդուրժում:
Սերտած ու լավ յուրացրած օտարի դասը, դրամին ու շահին երկրպագելով, նրանք հանուն սին ու վաղանցուկ փառքի կվաճառեին ամեն ինչ, անգամ` հայր ու մայր , հայրենիքն ու աշխարհը, եթե կարողանային:
Սոցալիզմի թունավոր ծաղիկներից թոշնած, չկայացած, կոմկուսի քարտուղարներ չդարձած, կոմսոմոլի նրբանցքներում բարոյազուրկ հին արժեքները յուրացրած, պահին, ու ժամանակին արագ հարմարվող անհատներ էին, որոնց բախտը կանխորոշել էր քանդողի ու ավերողի դերը: Նրանք չէին սիրում հին կառույցների տերերին, չէին սիրում թաքուն, սրտի' խորքում, գիտեին , լավ յուրացրել էին ժամանակի հրամայականը: Եթե պետք էր թունդ կոմունիստ էին , եթե պետք էր ազատ ու լայնախոհ մտավորական: Ամենինչ գիտեին օրվա, պահի, լրագրային մակարդակով, եթե' առեուտուր` բոշայի չափ, մարդկային հավերժ մնայուն արժեքները բոշայի պես, ոչինչ չէին սովորել , բոլոր դասերն ու բուհերը ավարտել էին հասարակական ակտիվ խավի սուտ պատրանքներով, կյանքից, շրջապատից վերցնելու կենսունակությամբ նրանք գերազանցում էին բոլոր նախորդ կենտկոմականներին ու համազգեստավորներին, քանզի նախորդների սխալներից լավ սովորել էին, եթե` իշխանություն ունեցողը ավելի անփույթ էր իր վարքով, սրանք իշխանություն չունեին ավելի հաճոյակատար ու համբերատար էին, շարժման ժամանակ օգտագործելով իրենց սովորած խարդավանքների դասերը, իրազեկ լինելով ներկուլիսային բոլոր ինտրիգներին առավելս օգտագործելով սովորածը՝ դարձան հարթակի ու երկրի տերեր:
Թշնամին ուրախանում էր տեսնելով նրանց կարճ մտահորիզոնը, դրամասիրությունը, հռչակավոր ու խելացի երեւալու մարմանջը:
Օտարները լավագույնս կարողացան օգտվել անհեռատես, կարճամիտ, «ծնողներին» հայոյելու մոլուցքով լցված իշխանատենչ՝ սոցալական թույնով, անբարո վարքով աղտոտված նորաթուխ ապազգային գործիչ չդարձած, գործիքի դերը ստանձնած` Արժույթաբանկերին քծնող ու հաճոյակատար ստրկամիտ նեոկոմունիստների խմբակին, որոնք վախից խմբված էին շրջում:
Իշխանության տեր դառնալով բազմացնում էին թիկնապահների քանակը, թիկնապահների ստվար խմբերը ավելի ազատ էին շրջում լլկված ժողովրդի մեջ, քան նորաթուխ քրմերը:
Նորերը մի կերպ կապկպել էին արեւմտյան հոռի գաղափարախոսության դասերը: Սուտ ու մուտ «նեոռեալիզմների», հազար ու մի' զահրումար «քամյուների»,«կաֆկաների» կապկպած, առանց զգալու,
որ կյանք ու ապրած միջավայրը` ծաղրելով ու ծոծորակին խզակոթով զարկելով նետել է հին արևելքին ծանոթ «յասավուլ» մարգարների ու միկիտան սաքոների գիրկը:Քամյուները չէին կարող դիմակայել: Հայաստան աշխարհը երկիրն էր «միկիտան սաքոների» ու գրիգոր աղաների:
Արհեստականորեն ներմուծված ժողովրդավարության օդաբարձերը պիտի պայթեին ու տրաքոցներից շշմած ղեկավարները մի դժբախտ օր պիտի հասկանային, որ իրենք գերված են նույն միկիտաններից ու յասավուլներից, նրանցից՝ իրենց անիծված պապերը ազատագրվել էին էլի դրսից բերված օտար հեղափոխող քամիների շնորհիվ:
Հեղափոխություններից հետո միշտ էլ մնում էր ավերակն ու ավերակի վերաշինման ծանր աշխատանքը: Նորերը աշխատելու կուլտուրան չգիտեին: Նրանք փառատենչ, ո'ւ ագահ՝ մտածում էին ժողովուրդը կդիմանա: Բոշայական համոզվածությունը` էշ չի~ սատկի: Ժողովուրդը չսատկելու համար անում էր ամեն ինչ, բնությունը միշտ էլ օգնում է իր ստեղծածներին, որ ստեղծվածը իրականացնի իրեն վեր ապահովածը, եթե քաղցից համատարած մեռնողներ չկային, դա չէր նշանակում, որ մահացողները կուշտ էին: Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ հացը դառնալու է շատերի համար անմատչելի ու փնտրված, չէ որ հիշում էին, ոչ վաղ անցյալում քաղաքի արվարձաններում բնակիչներից շատերը խոզ ու թռչուն էին պարարտացնում հաց կերակրելով: Այսօր ի~րենք արդեն ուտելու հաց չունեն:
Լսում էին ու չէին հավատում, բայց կյանքը շարունակվում էր , ե'ւ ավանակի կարգավիճակին չհամակերպվելու մարդկային ոգին գնում էր գտնելու իր փրկիչին: Փրկիչն ինքն էր եկել, նույն ՄԱՀԻ հրամանով , թիկնոցն՝ ուսերին, բարեգործի մաղախը շալակին՝ մտել էր երկիր , զբաղվում էր հոգե որսությամբ: Ինչքան հուսահատ ու բեկուն հոգիներ կային: Նրանցից շատերին գտան աղանդավոր քարոզիչները, «հիսունի» ու «հարյուրի» եհովականները, նրանք հասնում էին ամենուր, կազմում էին «հոտեր» ու նշանակում առաջնորդներ եղբայր ու քույրիկ պատվելիները` հանուն իրենց աստծո, մեղանչածներին նախ փրկում էին առօրյա հոգսերի բեռից` «հոգին փրկող քարոզներով», հետո տալիս էին բրինձ, կամ` ձեթ, ձավար:
Հազարավորները փրկվեցին քաղցից, կորցնելով՝ հավատը, ազգային նկարագիրը, որը նոր-նոր էր ճանապարհ ելել: Ամենուր նոսրանում էին մեր շարքերը, ստվարանում էր պառակտվածների ու հոգով հեռացողների բանակը:Հաճախ օրաբաժինը մի փոքր ավելացնելու մտադրությամբ մայրերը աղոթատներ էին տանում դուստրերին, մի քիչ նավթ, մակարոն ունենալը դարձրած գերխնդիր նրանք պատվելի ու քարոզիչ համարվող օտարից գերված հոժարակամ քանդում էին բոլոր հոգեւոր խորանների ուրվագծերը իրենց սրտում ու տեղ բացում նոր ուսմունքներին, համատարած «քույրիկների ու եղբայրիկների» ամբոխը ապրում էր հրեշտակների հովանու ներքո, անտարբեր՝ երկիրն ու հայրենիքը քարուքանդ անող թշնամիներին:

Շար. 17


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»